Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Թող Աստված առաջնորդի Հայաստանը, և թող մենք՝ նրա ժողովուրդը, քաջություն ունենանք մերժել չարը եւ գործել բարին

Թող Աստված առաջնորդի Հայաստանը, և թող մենք՝ նրա ժողովուրդը, քաջություն ունենանք մերժել չարը եւ գործել բարին
28.06.2025 | 10:03

Վերջին օրերի իրադարձությունները, հատկապես երեկվա ամոթալի հարձակումը մեր Սուրբ Եկեղեցու վրա, խորապես ցնցել են բոլորիս: Դրանք բացահայտում են ոչ միայն քաղաքական, այլև բարոյական ճգնաժամը մեզանում, որը սպառնում է մեր հասարակության հիմքերին: Երբ քաղաքականությունը ծառայում է ոչ թե հանրային բարօրությանը, այլ իշխանության պահպանմանը, ստին ու պառակտմանը, ժողովուրդը կորցնում է ոչ միայն իր իշխանությունը, այլև իր արժանապատվությունն ու ապագան:

Աստվածաշունչը հստակ խոսում է նման ժամանակներում. վա՜յ ձեզ, «դուք որ իրաւունքը օշինդրի կը դարձնէք, արդարութիւնը գետինը կը ձգէք» (Ամոս 5:7): Այն, ինչ ապրում ենք, պատասխանատուների ձախողումն է – բոլոր կողմերի: Ղեկավարները, որոնք իշխանությունը պահպանում են բռնությամբ, ստով ու շանտաժով, ընդդիմությունը, որ միասնության փոխարեն հերթական սրացումներն է փնտրում, և բոլոր նրանք, ովքեր սրբությունը օգտագործում են իրենց շահերի համար – նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր բան. կորցրել են կապը Ճշմարտության, Բարության ու Աստվածայինի հետ:

Եկեղեցու վրա հարձակումը ֆիզիկական գործողություն չէ միայն, այլ խորհրդանիշ է շատ ավելի խորը երևույթի՝ վերջին սրբության անարգման: Այն ուղեկցվում է վարչապետի ու նրա շրջապատի կողմից արձակված վուլգար, ցինիկ ու մարդկային արժանապատվությունը ոտնահարող մեկնաբանություններով: Երբ քաղաքականությունն անգամ չի կանգնում սրբության առաջ, ամոթը ոչ միայն մարդկային պահանջ է – այլ նաև Աստվածային: Որովհետև ամոթը սկիզբն է դարձի: Ուստի. ամո՛թ ձեզ:

Միևնույն ժամանակ, ուզում եմ հստակ ասել. Աստծո խոսքը մեզ կոչ չի անում վրեժի, այլ դարձի ու մաքրման. «Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, Իմ աչքերուս առջեւէն ձեր չար գործերը մէկդի՛ ըրէք, չարութիւն գործելէ դադրեցէ՛ք. բարութիւն ընել սորվեցէ՛ք, իրաւունքը փնտռեցէ՛ք, զրկուածին ուղղութիւն ըրէ՛ք» (Եսայի 1:16-17): «Գեհենի կրակ» է անհրաժեշտ, որ այրվեն դրանում չարությունը, ագահությունը, լկտիությունը, կոռուպցիան, ու մեղքն արմատապես: Ոչ թե ատելություն է մեզ անհրաժեշտ, այլ ապաշխարություն ու վերածնունդ:

Զայրույթս ուղղված չէ մեղավորներին, այլ մեղքին: Ոչ թե մարդկանց դատապարտել եմ ցանկանում, այլ չարն իր անունով կոչել:

Աղոթենք Հայաստանի համար – քաղաքական գործիչների, հոգևորականների, ժողովրդի համար: Թող Աստված մեզ ճշմարտության ու արդարության ճանապարհի վրա դնի, քանի դեռ ուշ չէ. «Ու իմ անունովս կոչուած ժողովուրդս եթէ խոնարհին ու աղօթք ընեն ու իմ երեսս խնդրեն եւ իրենց չար ճամբաներէն դառնան, ես ալ երկնքէն պիտի լսեմ ու անոնց մեղքը ներեմ ու անոնց երկիրը պիտի բժշկեմ» (2 Մնացորդաց 7:14):

Թող Աստված առաջնորդի Հայաստանը, և թող մենք՝ նրա ժողովուրդը, քաջություն ունենանք մերժել չարը եւ գործել բարին. «Չարութենէ հեռացիր ու բարութիւն ըրէ, Խաղաղութիւն փնտռէ ու անոր ետեւէն գնա՛» (Սաղմոս 34:14):

Ամեն:

Ձեր աղոթարար ու աղոթակից՝

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 237

Մեկնաբանություններ